Հարյուր երկու տարի առաջ, ճիշտ հոկտեմբերյան այս օրերին, զենքի ձայներից դղրդում ու դողում էին Սյունյաց սարերն ու ձորերը: Արյունալի կռիվների ասպարեզ էր դարձել լեռնաշխարհը: Ինչպես հիմա, իրար բերան թքած, Սյունիքի վրայով իրար միանալ ու պանթյուրքիզմի դրոշները դեպի Ռուսաստանի խորքեր և Հեռավոր Արևելք տանել էին ցանկանում թուրքերն ու Անդրկովկասի թաթարները, որոնք վերջերս էին իրենց կոչել ադրբեջանցի: Այդ հոգեխախտ միտքը նրանք իրենց անբեկանելի իրավունքն էին համարում, և ոչ մեկն իրավունք չուներ խոչընդոտելու նպատակի իրականացմանը: Ռուսաստանը հեռվում էր՝ զբաղված իր խնդիրներով, իսկ ամառնամուտին Բաթումում կնքված հայ-թուրքական պայմանագրով, հակառակորդի պնդմամբ, նորահաստատ Հայաստանի Հանրապետությունից անդամահատվել էր նրա պատմական գավառների մեծ մասը, նաև՝ Նախիջևանը, Սյունիքն ու Արցախը: Բայց թուրքերի նկրտումների ճանապարհին հանկարծ հայտնվել է օսմանցու հոգեառ հայոց զորապետ Անդրանիկը: Արդեն չորս ամիս շարունակվում էին թեժ մարտերը, հայերը՝ հարազատ հողի պաշտպանության, հակառակորդները՝ այն գրավելու և հայաթափելու համար:
Անդրանիկյաններն այստեղ հայտնվել էին ակամա, կարելի է ասել՝ Բարձրյալի կամքով: Երբ Դիլիջանում Անդրանիկն ստացավ հունիսի 4-ին Բաթումում կնքված հայ-թուրքական պայմանագրի պատճենը, կարդաց ու աչքերին չհավատաց, վերընթերցեց մի քանի անգամ, պոռթկաց հանդիմանական խոսքերով և ըմբոստացավ Սասնա ծռերի նման: Պայմանագրի մեջ որևէ խոսք չկար Արևմտյան Հայաստանի կամ գաղթականությանը հայրենիք վերադարձնելու մասին: Ստացվում էր, որ նսեմացվում և մոռացության էին մատնվում արևմտահայության ազատագրության համար մղված երեսնամյա պայքարը, նրա եղեռնազարկումը և ավերված օջախի շենացման երազանքը: Իսկ նոր Հայաստանը հակառակորդի կամքով պիտի ամփոփվեր Երևանի շուրջ տասը կամ տասնմեկ հազար քառակուսի կիլոմետր հողակտորի վրա, որը հայության համար մեծ էր՝ որպես գերեզմանոց, սակայն շատ փոքր՝ որպես հայրենիք: Պայմանագրի կետերից մեկը հատուկ վերաբերում էր զորավարի հսկողությամբ գարնանը կազմավորված Հայկական առանձին հարվածող զորամասին, որը պայմանագիր ստորագրողները կոչել էին «բանդա», որը պիտի լուծարվեր, իսկ նրա ղեկավարները ձերբակալվեին: ՈՒստի նրանց հրամանատարը մերժողական պատասխան տվեց թուրք բանագնացին, իսկ հայկական կորպուսի հրամանատարին հեռագրեց, որ չի ենթարկվում կնքված պայմանագրին, և նոր Հայաստանի կառավարության համար թուրքերի հետ դժվարություններ չստեղծելու նպատակով վճռում է հեռանալ երկրի սահմաններից: Ինչպիսի՜ ազնվություն և հոգատարություն նոր հռչակված հայոց պետականության նկատմամբ:
Այս առթիվ շուտով Ավետիս Ահարոնյանը հայտնեց իր կարծիքը. «Հայ հայրենիքի պարտութեան և թշվառութեան օրերին Բաթումի անարգ պայմանագրի դեմ Անդրանիկի ըմբոստությունն ինքնին մի կախարդիչ պոեմ է, որ ընկճուած հայութեան հոգու ամենազգայուն թելերին վրայ է թրթռում»: Եվ որպեսզի իր զինվորն ու ինքը չդառնան «լկտի հակառակորդի կողմից բազմաչարչար հայրենիքի սուրբ մարմնի պղծման լուռ վկան», հեռացան Հայաստանի սահմաններից: Եվ այն ժամանակ ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ Հայաստանի նորահռչակ կառավարությանը չենթարկվելը բախտորոշ քայլ կդառնա Սյունիքի ճակատագրի համար:
Բռնեց Նոր Բայազետ-Վայոց ձոր-Նախիջևան-Խոյ-Բաղդադ ուղին՝ հույս ունենալով հասնելու դաշնակիցներին, նրանցից նշանակալի զինուժ բերելու մազապուրծ հայությանը փրկելու, նրանց երկիր վերադարձնելու, հայրենատեր դարձնելու համար: Սակայն Սևանի ափին հունիսի 6-ին սկսված արշավանքը Պարսկաստանի Խոյ քաղաքի մատույցներում ընդհատվեց ամսի 23-ին, և դա տեղի ունեցավ ռազմաճակատի տաք գծում զորավարի հրամանն անտեսած գաղթականների հայտնվելու պատճառով: Հարվածող զորամասը ստիպված էր երեք բյուր գաղթականների կյանքի ապահովության համար վերադառնալ Նախիջևան, ուր ենթարկվեց Ալեքսանդրապոլից երկաթուղիով եկած թուրքական առաջապահ գնդերի հարձակմանը: Ծավալվեցին անզիջում մարտեր, իսկ խոլերան սկսել էր իր հունձքը: Բաթումի պայմանագրով «իրենց պատկանող» երկաթուղիով թուրքերը ստանում էին թարմ համալրումներ: Իսկ Հայկական առանձին հարվածող զորամասը զենք, զինամթերք, պարեն և բուժօգնություն ստանալու հույս չուներ որևէ տեղից: Չէ՞ որ զորամասը հանված էր հայկական զորքի կազմից: «Ի՞նչ անել» հարցը տանջում էր թանկագին մարդկանց կյանքի ապահովությունն ստանձնած հերոսապետին:
Զորավարը ցանկացավ Բաքվի կոմունայի ղեկավար Ստեփան Շահումյանի միջոցով Խորհրդային Ռուսաստանի ուշադրությունը հրավիրել ծանր կացության վրա և Նախիջևանի գավառը հայտարարեց Ռուսաստանի մաս: Սակայն ռուսները զբաղված էին ներքին և արտաքին հակառակորդ ուժերի դեմ կռիվներով: Տնանկ հայրենակիցների կյանքը սրից և սովամահությունից փրկելու համար Անդրանիկը բարձրագահ Կապուտջուղ սարի վրայով անցավ Կապան: Այստեղ Գերմանիայի Ֆրոյբերգ քաղաքի լեռնային ակադեմիայի շրջանավարտ Սմբատբեկ Մելիք-Ստեփանյանը և պղնձահանքերի վարիչ Արամ Ֆետվաճյանը ցանկացան Անդրանիկին համոզել մնալ Կապանում, սակայն նա հրաժարվեց՝ պատճառաբանելով.
-Այս պահին ճիշտ է ամրանալ Սիսիան-Գորիս անցումում, մոտ գտնվել Ղարաբաղին, Կապանն իր դիրքով ապահով վիճակում է:
Եվ դա տեղի ունեցավ ճիշտ այն ժամանակ, երբ թուրքերը՝ Նախիջևանի, ադրբեջանցիները` Եվլախի կողմից ձգտում էին հանդիպել Սիսիանի սարահարթում, որ տիրանան Սիսիան-Գորիս-Շուշի խճուղային ճանապարհին: Անդրանիկյաններն անցնելով Զանգեզուր, անհապաղ դիրքեր գրավեցին Սիսիանի արևմտյան սարերում և Զաբուղի կիրճում: Անդրանիկը ռազմական բարձրագույն իշխանություն դարձավ Բաթումի հայավնաս պայմանագրով Ադրբեջանի մաս հայտարարված Սյունիքում և համոզված էր, որ երերալու դեպքում իրեն դրության տեր կարծող թշնամին՝ կոտորելով տեղաբնակներին ու գաղթականներին, չգոյության կմատներ անվթար մնացած հայկական միակ նահանգը:
Զանգեզուրի գավառային կենտրոն Գորիս հասնելուց հետո զորավարը հասկացավ, որ երկրամասում անիշխանություն է տիրում, բարձիթողի վիճակում էր ինքնապաշտպանության գործը: Ռազմաճակատներից մեծ պատերազմի ընթացքում հեռու մնացած երկրամասի բնակչության մեջ անտարբերություն էր տիրում: Մարդիկ չէին գիտակցում, որ ռուսական վարչակարգի վերացումից հետո իրենց վրա ժամ առ ժամ ծանրանում է թուրքական արհավիրքը, ուստի պետք էր համախմբվել: Տարանջատված էին Մեղրին, Կապանը, Գորիսը և Սիսիանը: Չկար վարչական մեկ մարմին, մեկ ղեկավար կենտրոն՝ հակառակորդի դեմ ուժերը միավորելու համար, իսկ արտաքին ճնշումը մեծանում էր: Տարօրինակ իրողություն էր, որ Զանգեզուրը չէր ենթարկվում ո՛չ Երևանին, ո՛չ Բաքվին, ո՛չ Թիֆլիսին, թողնված էր իր բախտին: Այնտեղ Անդրանիկի ներկայությունն անհրաժեշտություն էր: Ձեռնամուխ լինելով գավառի ինքնապաշտպանության կազմակերպմանը՝ նա իշխանություն դարձավ անիշխանության մեջ: Սակայն առաջացան խոչընդոտներ:
Այդ լարված պահին հարազատներին գտնելու պատճառաբանությամբ զորամասից հեռացան երկու հազար հինգ հարյուր զինվորներ: Մնացած հազար հինգ հարյուր զինվորով անհնար էր դիմագրավել մեծաքանակ հակառակորդին: Անդրանիկը զորահավաքի առաջարկով դիմեց տեղական ինքնավարություններին: Ցանկալի արձագանք չեղավ: Մարդկանց մտքերը թունավորում էր թուրքերի քարոզչությունը, որոնք, իրենց տմարդի գործողությունները սիրամարգի փետուրներով ծածկած, զանգեզուրցիներին «լավ կյանքի» խոստումներ էին տալիս, հորդորում հնազանդվել և զենքերը հանձնել: Շփոթմունք էր տիրում:
Զորավարին հարկ եղավ ասպարեզ բերել անբասիր հերոսի հեղինակությունը, իր հրեղեն խոսքով մարդկանց բացատրել և համոզել, որ անարդար աշխարհում արժանապատիվ կյանքի իրավունք ժողովուրդները ձեռք են բերում ոչ թե բարբարոսի գութը շարժելով կամ ստրուկի ողոքումներով, այլ Վարդանանց ոգով, դավիթբեկյան սրով: Եվ հրամայեց զորահավաք հայտարարել, կազմված վաշտերով հակառակորդի դեմ անմիջապես դիրքեր գրավել մերձակա սարերում: Առաջինն արձագանքեցին սիսիանցիները, որոնք Անգեղակոթ գյուղի եկեղեցում որոշեցին կազմակերպել 20-50 տարեկանների հավաք: Զինվորագրվողները պարտավոր էին հավաքատեղ ներկայանալ զենք-զինամթերքով և երեք օրվա ուտելիքով: Սիսիանցիները բռնեցին Բազարչայ-Գյոմուր-Կժաձոր-Բնունիս-Թազագյուղ-Ախլաթյան-Ալիլու գիծը: Հարձակվող թուրքերը հետ շպրտվեցին Շահբուզ: Սիսիանում ինքնապաշտպանություն կազմակերպելուց հետո զորավարը վերադարձավ Գորիս:
Դեռ ճանապարհին սուրհանդակի բերած գրությունները զորավարին գոհունակություն պատճառեցին: Մեկով Մեղրու ինքնապաշտպանության կազմակերպման համար իր գաղտնի հրահանգով այնտեղ ուղարկված ջոկատի հրամանատարներ Հայկ Բոնապարտյանը և Սարգիս Ջեբեջին հայտնում էին, որ թշնամու առաջ ամուր փակել են Արաքսի ափով Նախիջևանից Մինջևան ձգվող հետիոտնի ճանապարհը, որով ձգտում էին կապ հաստատել թուրքերն ու ադրբեջանցիները: Երկրորդ նամակով Կապանի Ազգային խորհրդի անդամ Սմբատբեկ Մելիք-Ստեփանյանը հաղորդում էր, որ իրենք էլ զորահավաք են հայտարարել, կազմված ջոկատները կցել հեռավոր գյուղերին: Կապանցիները նաև խոստացել էին կարիքի մեջ մնացած Հարվածող զորամասի համար ուղարկել դրամ, հանդերձանք, իսկ ձիերի համար՝ պայտեր:
Զորավարը Գորիսից հեռացել էր դառնացած: Այստեղի իշխանությունը գտնվում էր հեղափոխական մտքերով և խմբային շահերով վարակված, իրար դեմ գործող մարդկանց ձեռքին, որոնք չէին գիտակցում պահի վտանգավորությունը և ոչինչ չէին արել ինքնապաշտպանության կազմակերպման համար: Հարկ եղավ շրջանի գյուղերի ներկայացուցիչների մասնակցությամբ հանրահավաք հրավիրել: Անդրանիկը կրակոտ ճառ ասաց: Հանուն հարազատ հողի վրա ապրելու իրավունքի վերահաստատման պետք էր սթափվել, ջոկատներ կազմել և դրանք հերթապահության ուղարկել շփման գծի երկայնքով, երբեք չհավատալ թուրքի շողոմ խոսքերին, որի անմարդկային էությանն ինքը լավ ծանոթ էր մանկուց: Իրենից հետո խոսողների մտքերից հասկացավ, որ պղտորված են շատերի հոգիները: Զորավարի՝ Սիսիան մեկնելուց հետո գորիսցիները սթափվել, զորահավաք էին հայտարարել և թշնամու դեմ դուրս գալու որոշում էին կայացրել: Այժմ զորավարը գոհ էր նաև գորիսցիներից: Նրանք իր տրամադրության տակ դրեցին երեք լիակազմ վաշտ, որոնք ուղարկվեցին հարվածող զորամասի նոսրացած ջոկատները համալրելու: Կռիվները Սյունիքի և Արցախի սահմանագծում չդադարեցին մինչև տարեվերջ:
Թուրքիայի պարտությունից հետո էլ անզիջում կռիվները շարունակվեցին, այժմ՝ ադրբեջանցիների դեմ, որոնց երես էր տալիս Բաքվում նստած դաշնակից զորքերի հրամանատար, անգլիացի գեներալ Թոմսոնը: Նավթի հոտից մտախախտված այս քաղաքակիրթ եվրոպացու թույլտվությամբ հարևան հանրապետությունը հայահոծ Ղարաբաղի ու Զանգեզուրի նահանգապետ էր նշանակել մի հայատյաց հրեշի: Այս փաշային միահամուռ մերժեցին հայերը և շարունակեցին իրենց պայքարը: Իր դեմ լեռնացած Անդրանիկյանների պատճառով հակառակորդն այդպես էլ չկարողացավ անցնել Հագարու գետի աջափնյակը, որը սահման դարձավ Անդրանիկի հարվածող զորամասի և տեղական վաշտերի հսկողության տակ գտնվող Սյունիքի և Ադրբեջանի միջև:
Այսպես Սյունիքն իր 60 հազար բնակչությամբ և 35 հազար արևմտահայ գաղթականներով փրկվեց կոտորածից և ավերումից: Հայոց պատմական նահանգը մնաց Հայաստանի կազմում՝ սեպի պես խրված մնալով թուրքականության սրտում: Եվ այդ սեպի շնորհիվ այսօր անմիջական սահման ունենք մեր հին հարևանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Սա հայոց ազգային հերոսի երեսնամյա պայքարի լուսապսակը դարձավ, որը սակայն մոռացվեց այն հեռավոր ժամանակներում, իսկ մեր օրերում կան հայ գործիչներ, որոնք տհաճությամբ են տալիս կամ չեն տալիս նրա անունը:
Իսկ սյունիքյան հերոսապատումը կերտվել է ոչ միայն զենքով, այլև այն անխորտակելի ներուժով, որը կոչվում է հանուն հայրենիքի ինքնազոհության կամք: Այն վարպետորեն կռել ու կոփել գիտեր շապինգարահիսարցի հյուսն Անդրանիկ Օզանյանը: Նա զինվորին մարտադաշտ հանել ու կռվեցնել գիտեր, վճռական պահին թշնամու վրա գնում էր իր զինվորի առջևից, անձնական օրինակ ծառայում նրան: Խիստ էր, բայց հայրաբար սիրում էր իր զինակիցներին: Թե ինչ գնով է Սյունիքը պահպանվել որպես Հայաստանի անբաժանելի մաս, գալիք սերունդներին իր հուշագրության մեջ հայտնում է Սիբիրից եկած թուրքահայ ռազմագերիների երթային վաշտի հրամանատար Ալեքսեյ Կոլմակովը: Այս վաշտի հիմքի վրա էր 1918 թ. գարնանը կազմավորվել Անդրանիկի վերջին զորքը՝ Հայկական առանձին հարվածող զորամասը: Կոլմակովը վկայում է, որ իր հետ Սիբիրից եկած 210 հայ զինվորներից 208-ը զոհվել են Սյունիքի ազատության համար մղված մարտերում, մնացել հարազատ հողի ծոցում, լեռնաշխարհի անհայտ գերեզմաններում:
Հայտնի է, որ զորավար Անդրանիկը 1918-ի վերջին ցանկացել է լուծել նաև հայկական մյուս նահանգի՝ Արցախի, պատկանելության խնդիրը: Այնտեղ մտնելու երկու փորձ է կատարել, սակայն դրանք ձախողվել են իր կամքից անկախ: Արցախցիների անկախանալու ձգտումը ողջ անցած դարում մխացել է անթեղված կրակի պես և բորբոքվել երեսուն տարի առաջ: Հակառակորդը, իր նախնիների հոգեկերտվածքին հավատարիմ, մարդկային արդար պահանջին պատասխանել է արնահեղությամբ: Գոյապայքարի մեջ է հայոց նոր սերունդը: Ինչպես հարյուր տարի առաջ, ճիշտ հոկտեմբերյան այս օրերին, ահարկու զենքերի հարվածներից դղրդում, դողում են Արցախի սարերն ու ձորերը:
Եվ նորից, իրար բերան թքած հայատյաց ադրբեջանցին ու եղեռնագործ թուրքը վճռել են զենքի ուժով չգոյության մատնել Արցախը, ընկճել հայոց պատմական նահանգի անկախության համար ոտքի ելած հայության կամքը, գերիշխել Անդրկովկասում, հարություն տալ մարդատյաց թուրքական կայսրությանը, որն, անշուշտ, նորից չարիք կդառնա բոլորի համար: Նահանջելու տեղ չունեն լեռնաշխարհի տերերը, նրանք ելել են կենաց ու մահվան կռվի՝ մարդկության համար ակամա դառնալով քաղաքակրթության փրկության ջահակիրներ: Նրանք ձգտում են ավարտին հասցնել Անդրանիկ զորավարի կիսատ թողած գործը, որ հպարտ Արցախը Սյունիքի պես վայելի իր անկախությունը: Զանգվածային է անկոտրում ոգով մարտադաշտերում կռվողների հերոսականությունը, և նորից հաղթանակը ձեռք է բերվում թանկագին զոհերի գնով: Հայտնի են նրանց և առաջնագծում մարտնչողների անունները, որոնց, անուշտ, նաև գալիք դարերում խնկարկելու են հայոց նոր սերունդները:
Իսկ այժմ յուրաքանչյուր հայ, ուր էլ ապրելիս լինի, պիտի իրեն դրսևորի որպես հերոսամարտերի մասնակից, թե ի՞նչ ձևով, թող ինքը որոշի և ամոթապարտ չլինի:
Ռուբեն ՍԻՄՈՆՅԱՆ